ՀԱՅՐԵՆԱՏԵՐ (hayrenater) wrote,
ՀԱՅՐԵՆԱՏԵՐ
hayrenater

ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿԻ ՃԱՌԸ` ՙՎան՚ գործողության մարտիկների դատավարության ժամանակ


Պաշտպանի ելույթը ներկայացվում է կրճատումներով: Պարոն նախագա՜հ, պարոնայք խորհրդականնե՜ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, միտք ունի՞ արդյոք մի անգամ եւս վեր կենալ եւ ասել այն, ինչ ձեզ հայտնի է դատավարության առաջին օրից: Ես պաշտպանում եմ հպարտ կանգնած չորս երիտասարդներին եւ գիտեմ, որ նրանց միջոցով պաշտպանում եմ բզկտված ու խոշտանգված մի ժողովրդի, որն այժմ մեղադրյալներին է նայում եւ իր լավագույն զավակները համարում:
Ինչո՞ւ: Հենց այդ հարցին, ըստ երեւույթին, պիտի պատասխանեք դո՜ւք: Ես ոտքի եմ ելել ամենավերջում եւ շատ բնական եմ համարում, որ պաշտպանականով հանդես են գալիս ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի փաստաբաններ: Նախ` նկատի ունեմ էմիլ Ասլանյանին, որը ներկայացնում է ինքնահաստատումը գտած հայերի սերունդը եւ խոստովանում է, թե մինչեւ ո՜ր աստիճանի այս երիտասարդների պայքարը իրենն է, նկատի ունեմ Րաֆֆի Փեշտիմալջյանին, որի խոսքը, ինչպես բոլոր հայերինը, հուզիչ էր, քանի որ պատմում էր մոր, նրա հուշերի, արյան մասին, որը մինչեւ հիմա առկա է իրենց ընտանիքում: Նույնը կարելի է ասել Պատրիկ Դեւեջյանի մասին, որին, չնայած մեր բազում տարաձայնություններին, այսօր եղբայրաբար միացնում է տառապած ժողովրդի համար մղվող դժվարին պայքարը: Կուզեի անպայման նշել նաեւ Ֆրանսիս Թեյջանին՝ մարդկային հիմնարար իրավունքի, եւ Ժան-Պիեռ Մինյարին՝ արժանապատվության մասին խոսելու համար:
Ինձ մնում է, սրտի՜ լեզվով խոսել: Թերեւս, բայց ես խնդրում եմ չորսին էլ ազատել ոչ միայն զգացական, այլ նաեւ բարոյահոգեբանական, քաղաքական նկատառումներով:

Թեհլերյանին արդարացրին:
1922-ին Բեռլինում վեհանձն դատավորներ կային, ինչպես այժմ Ֆրանսիայում կան: Դուք դատելու եք մարդկանց: Մարդկանց՝ իրենց արածի համար, բայց մարդու արածը միայն փաստական կողմ չունի: Յուրաքանչյուր արարք ինքը՝ մարդն է: Չորս մեղադրյալին դուք դատելու եք այս մտայնությամբ, շատ լավ իմանալով, որ հայ ժողովուրդն այստեղ ներկա է, սպասում է ձեր վճռին:
Ինչո՞ւ են չորս երիտասարդները հայտնվել այստեղ: Ինչո՞ւ են նրանք ապրում հին հուշերով եւ վաթսունութ տարի անց թուրքական կառավարությանը մեղադրում այն ամենի համար, ինչ արել է Օսմանյան կայսրությունը: Ինչո՞ւ են նրանք մարդ սպանել: Ինչո՞ւ պետք է ազատ արձակել նրանց:
Ո՞ւր են իրենց տները: Մերձավոր Արեւելքի ահավոր պատերազմում, որտեղ մարդիկ բախվում են մի փոքրիկ թաղամասի համար, որտեղ ժողովուրդներն ու համաշխարհային պատմությունը գոյատեւում են ռումբերի ներքո՝ դաժան պայմաններում, որտեղ երեխաները տասնհինգ տարեկանից զենքերը ձեռքին կռվում են սոսկ իրենց գյուղը պաշտպանելու համար, հայերին հասկացնում են, որ Լիբանանն իրենցը չէ, եւ նրանք հասկանում են, որ աշխարհում գոյություն ունի մի ազգ, որին պատկանում են միայն իրենք:
Ո՞րն է հայերի գոյության նախապայմանը, իհարկե, նախ` երեքհազարամյա պատմությունը: Այս ժողովրդին անընդհատ ասպատակել են ամեն կողմից, վաչկատուն ցեղերը` սրի քաշել, հայը ենթարկվել է մերթ այս, մերթ այն տերությանը, սակայն երեք հազար տարի անընդմեջ գոյատեւել է բնօրրանում` այն լեռների ներքո, որոնց իշխում է Արարատը՝ Հայաստանի խորհրդանշանը: Հայերն ապրել են իրենց կրոնով, եկեղեցիներով, ծեսերով, մշակույթով, երգով ու պարով, արհեստներով, հոգու խորությամբ, բարի համբավով, բացառիկ այբուբենով, բնանկարի ինքնատիպությամբ, անկրկնելի այգաբացներով: Ի՞նչ է եղել այդ ամենը: Համաշխարհային հանրագիտարանը վկայում է. ՙԱրեւելյան Անատոլիան հիմնականում բնակեցված է կիսաքոչվոր քրդերով, գյուղատնտեսության արդիականացման համընդհանուր ձգձգումը այն դարձրել է ամբողջ Թուրքիայի ամենաթերզարգացած երկրամասը՚: Մինչդեռ ամենահարուստն է եղել:

Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ: Ինքներդ եք հասկանում՝ ես չեմ ուզում վիճել թուրք պատմաբանի հետ, հիշատակել պարոն Մորգենթաուի՝ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հուշերը, որը, երբ ջանացել է փրկել հայերին, Թալեաթ փաշան կանխել, ասել է. ՙԴուք ամերիկացի հրեա եք, ինչո՞ւ եք հետաքրքրվում այդ մարդկանցով՚: Հարկ չկա թերեւս անդրադառնալ նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Լեփսիուսի զեկուցագրերին, այդ տարիներին Թուրքիայում եղած լրագրողների անթիվ վկայություններին եւ հատկապես համայնական հիշողությանը, որի փաստերը համընկնում են պատասխանում՝ ՙՑեղասպանություն եղե՞լ է՚ հարցին: Եթե չի եղել, ո՞ւր գնացին այն երկրամասի բնակիչները, որն այսօր Արեւելյան Անատոլիա է կոչվում, այս սրահի ունկնդիրները որտեղի՞ց են եկել: Նրանք եկել են դարի ամենամեծ ողբերգությունից, դուք լսեցիք մեկի, երկուսի, երեքի, չորսի պատմությունները: Որքան վատ եմ զգում ինձ, որ ստիպված եղա ամբիոնից իջեցնել այն ծերունուն, որն իր տառապանքները հրապարակայնորեն պատմելու համար վաթսունութ տարի սպասել էր: Իջեցրի, որովհետեւ, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, ձեզ թվում էր, որ դուք այդ ամենն արդեն լսել եք: Մտածե՜ք, ուրեմն, հայ համայնքի՝ բռնագաղթի զրկանքները սկզբից մինչեւ վերջ կրած մարդկանց մասին, բռնագաղթ, որը գիտականորեն էր կազմակերպվել ու իրագործվել՝ ամենեւին էլ ո՜չ այն բանի համար, որ հայերը թիկունքում վտանգ էին ներկայացնում, Դաշնակիցներին էին պաշտպանում: Ինձ համար կարեւորը զոհերն են՝ տղամարդիկ, կանայք ու երեխաները: Վերապրողների պատմություններից պարզ է դառնում, որ տղամարդիկ ավելի բախտավոր են եղել, որովհետեւ առաջինն են սպանվել, մնացածները աքսորվել են: Ճանապարհին կանայք բռնաբարվել են, երեխաները` խաչվել կամ գետը շպրտվել, ահա՜ մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու գիտական ծրագիրը: Իրենց գյուղերից, տներից հանված անպաշտպան աքսորականներին ո՞ւր են քշել: Դեպի անապատ:
Այս ամբիոնից դուք լսեցիք բրդե կիսավերարկուով ծեր կնոջը՝ տիկին Մելինե Մանուշյանին, որը շատ հետաքրքիր նորություններ հաղորդեց ամուսնու՝ ՙոճրախմբի՚ ղեկավար, ՙահաբեկիչ՚ Միսաք Մանուշյանի մասին, այն նույն Մանուշյանի, ում Ֆրանսիայի հանրապետության նախագահը այժմ Ազգային Դիմադրական Շարժման հիասքանչ հերոսներից մեկն է համարում: Նա վերջին նամակում գրել է կնոջը. ՙՄելինե՜, որբո՜ւկս, ես մեռնում եմ՝ չունենալով ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի նկատմամբ՚:

Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, ՙկանոնավոր՚ բանակ չի կարող ստեղծել:
Հիրավի, տարօրինակ տրամաբանություն է: Չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատեւել:
Ո՜չ, այս տղաները ահաբեկիչներ չե՜ն, հայ ժողովրդի զինվորնե՜րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես՝ զինվորների՜, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե՜ք, որ զինվորների՜ եք դատապարտում: Նրանք՝ չորս հանդուգն զինվորները, եկել են Ֆրանսիա ո՜չ միայն իրենց ժողովրդի իրավունքները ներկայացնելու, այլեւ պահանջելու համար, որ ազատ արձակեն քուրդ եւ թուրք քաղբանտարկյալների: Ճիշտ է, նրանք վտանգավոր իրավիճակ են ստեղծել, ճիշտ է, մի հոգի մահացել, մեկ ուրիշը վիրավորվել է, բայց չի՜ կարելի չընդունել, պարոն ընդհանուր պաշտպա՜ն, որ հյուպատոսարան մտնելիս սպանության մտադրություն չեն ունեցել: Ուստի, չե՜ք կարող պահանջել, որ Գյուզելյանին մյուսներից կրկնակի ծանր պատժի դատապարտեն: Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, քիչ առաջ ես առաջարկում էի նրանց ազատ արձակել, այժմ էլ խնդրում եմ չորսի միջեւ տարբերություն չդնել: Նրանք կապված են եղել նույն գործողությամբ, այստեղ էլ կանգնած են կողք-կողքի: Եթե ուզում եք, նրանց զինվորներ համարեք, դատապարտեք մարտական գործողությունների համար, բայց տարբեր պատիժներ մի՜ տվեք:

Ճիշտ է, որ այս տղաները ռազմական գրոհ են ձեռնարկել, բայց մի՞թե Հայաստանը պատերազմելու իրավունք չունի: Դուք հիշո՞ւմ եք ՙԵս դատապարտում եմ՚ շարժանկարը, որտեղ հերոսը տեսնում է, թե ինչպես են մահացածները դուրս գալիս դագաղներից, ձայն տալիս իրեն: Այս չորս երիտասարդին էլ դիմել են Անապատի դիակները, իսկ նահատակ երեխաները ոտքի են ելել, նրանց ասել. ՙԻնչոր բան արեք, մենք չենք ուզում վերջնականապես մեռնել, մենք մահացած ենք, բայց ուզում ենք, որ դա որեւէ նպատակի, գոնե Հայաստանի ապագային ծառայի՚:
Այո՜, չորս գրոհայինները մարտական գործողության են դիմել, որպեսզի այդ մասին խոսեն, աշխարհն իմանա, որպեսզի դուք՝ Ֆրանսիայի երդվյալներդ, լսեք այն, ինչն արդեն լսեցիք:
Եղիա Քեշիշյանին Պարսկաստանում երկու օր առաջ գնդակահարեցին (կարելի՞ է ասել, որ այս երիտասարդները խիզախ չեն), Լեւոն Էքմեքճյանին 1983 թվականի հունվարի 30-ին կախեցին Անկարայում, բայց դուք հավատո՞ւմ եք, որ հետագա գործողությունները կանխեցին: Ես կարող եմ ուրիշների՝ Ստեփան Զատիկյանի, այլ գրոհայինների մահապատիժները հիշատակել ու նորից համոզված պնդել, որ ոչ մի արդյունքի չեն հանգեցրել:
Նման պատիժները ի զորո՞ւ են կաշկանդել մի ժողովրդի, որը ոտքի է ելել, որովհետեւ անձնական եւ ազգային պարտականության պարտադրանքները միախառնվել են եւ հենց այդ պատճառով ամեն ոք պատրաստ է զոհել կյանքը: Չհավատաք, որ եթե որեւէ մեկը բանտ ընկնի, ինչ-որ բան կփոխվի: Ձեր պատիժը ո՜չ մի դեր չի խաղա, սոսկ քաղաքական նշանակություն կունենա: Սովորական դատապարտությունը անհարիր է այս գործին, այլ է քաղաքական դատավարությունն իր մեկնաբանություններով, նշանակությամբ, բացահայտած ճշմարտությամբ: Ինձ կարող են հիշեցնել նաեւ, որ Թուրքիան մի ծանրակշիռ ուժ է: Իհարկե, դա այդպես է, բայց եթե միջազգային հարաբերությունները դրան պիտի հանգեցնեն, ապա նման հիմնավորումով ցեղասպանության ժխտումը ի վերջո կառավարություններին ինքնավստահություն կներշնչի, որ իրենց ամեն ինչ կարելի է: Եվ ամենեւին պատահականություն չէ, որ ՙՄիջազգային ներման՚ հանձնաժողովի՝ Եվրախորհրդին հղած զեկուցագրում Թուրքիան երեքից հինգ էջ է զբաղեցնում, որոնք ես ունեմ իմ տրամադրության տակ: Ինչպես պատահականություն չէ այն հանգամանքը, որ Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, ելնելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրից, Թուրքիայի հետեւյալ խախտումների համար բողոք են հղել եվրոպական հանձնաժողովին: Նրանք, ովքեր անպատիժ են մնում, կամ փորձում են մոռացության մատնել այն, ինչ արել են, ու ամբողջ աշխարհը մոռանում է, կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է: Անկասկած, բազում պատճառներից մեկը, որը Թուրքիային դարձրել է այնպիսին, ինչպիսին կա, աշխարհի կողմից ցեղասպանությունը մոռանալն է: Այժմ Թուրքիան մինչեւ իսկ իր քաղաքացիներին է կոտորում, տանջում:
Թուրքիան, դարձյալ կրկնենք, այս ատյանին հղած հեռագրերով ոչ թե պահանջում է դատապարտել հայ գրոհայիններին, իր դիվանագետներին պաշտպանել, ահաբեկչությունը մերժել, այլ` հավաստել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Մենք, ճիշտ հակառակը, ակնկալում ենք, որ դուք ընդունեք՝ ցեղասպանություն եղե՜լ է, հայ ժողովուրդը նահատակվե՜լ է, հայ ժողովուրդը իրավասո՜ւ է զինվորներ ունենալու, իր հողե՜րը պահանջելու: Ներկա բոլոր հայերը դրան են սպասում: Ի հարկե, մենք ուրախ ենք, որ հայերն այստեղ են, փոխադարձաբար իրար ճանաչում են: Համենայն դեպս, ես չեմ կարող նրանց չհանդիմանել՝ ինչո՞ւ էիք այսքան երկար լռում, իմ հայ բարեկամնե՜ր, ինչո՞ւ էիք այդ մասին միայն իրար հետ խոսում: Ինչո՞ւ ձեր երեխաները, որոնց նույնպես շատ լավ ծանոթ ենք, ամաչում էին արտահայտվել, ասես դարասկզբի նախճիրը ձեր արատը լիներ, մինչդեռ դժբախտությունն է, միաժամանակ՝ հպարտությունը:
Դուք հարստանալու համար չեք լքել ձեր երկիրը, այլ՝ կոտորվել, ստիպվա՜ծ եք եղել գալ այստեղ: Ֆրանսիան ձեզ ընդունել է, եւ դա մեր պատիվն է: Ամեն դեպքում, դուք դժվարությամբ նվաճեցիք ձեր զբաղեցրած դիրքերը, եւ միայն ձեր զավակները տեսան ձեր արցունքները, տառապանքը:
Ինչո՞ւ էիք սպասում այս դատավարությանը, որպեսզի Անրի Վերնոյն ասի. ՙԱռկա է բոլոր նրանց ցասումը, ովքեր մղձավանջային մի երեկո Ուրֆայի եկեղեցուց հայերի մահերգը լսեցին եւ տեսան, թե ինչպես բոլորը ողջակիզվեցին՚: Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Շարլ Ազնավուրի խռովահույզ նամակին, որը դարձյալ այս դատավարության կապակցությամբ, հարկ է համարել իր խոսքը ձեզ հղել. ՙՄեր երիտասարդները ինքնության որոնման, անորոշության, արմատախիլ եղած լինելու, խուլ ականջների հանդիպելու պատճառով ներողամտության իրավունքն ունեն: Ֆրանսահպատակ լինելով հանդերձ՝ նրանց չեմ կարող մեղադրել: Ինքս ո՜չ դատավոր եմ, ո՜չ քաղաքագետ, այս տողերը գրում եմ, ինչպես սիրտս է թելադրում, եւ երջանիկ հանգուցալուծման հույս եմ փայփայում: Ես ազգությամբ հայ եմ, մի անգամ գոնե, մտածում եմ, որ մենք արժանի ենք դրան՚:
Մեր դատասրահը լեփ-լեցուն է հայերով, շատերը ամբիոնից ելույթ ունեցան: Եվ որքան էլ նրանք քաղաքականապես տարանջատված լինեն, հետեւյալ առումներով միասնական են՝ մենք ցեղասպանության՝ դարի առաջին դժնդակ ցեղասպանության զոհերն ենք, մեր հողերը խլել են մեզնից, մենք ուզում ենք ետ ստանալ: Ինչ վճիռ էլ որ դուք կայացնեք, չորս երիտասարդները մեր հերոսներն են:
Այստեղ ներկա, Ֆրանսիայի համայնքի երկու հարյուր հիսուն հազար, աշխարհի վեց միլիոն հայերը այժմ լսում են ֆրանսիական արդարադատության ձայնը: Հայ եղբայրնե՜ր, դուք այլեւս միայնակ չեք, ձեր ժողովուրդը կվերագտնի իր բույնը: Չորս երիտասարդները այստեղ կանգնած են եւ գիտեն, որ ֆրանսիացի ժողովուրդը իրենց անմեղ է հռչակելու:

Թարգմանությունը`
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ

 

Tags: a.s.a.l.a., Արամ Բասմաճյան, Գեվորգ Գյուզելյան, Զինյալ ազատագրական Պայքար, ՀԱՀԳԲ, Հակոբ Ջուլֆայան, Վազգեն Սիսլյան, Վան գործողություն
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 0 comments